22 03 2023

Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում․ քաղաքագետ

Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Եվրոհանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը երկրաշարժից հետո վերականգնվելու համար Թուրքիային կհատկացնի 1 միլիարդ եվրո։

Սա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիան է'լ ավելի մեծ կախվածություն է ունենալու Արևմուտքից, և վստահաբար Արեւմուտքը և ընդհանրապես` որևէ կողմ, ֆինասական, տնտեսական օժանդակություն հենց այնպես չի տրամադրի` պարզապես մարդասիրական նկատառումներով։

Պատահական չէ, որ Թուրքիայի հռետորաբանությունը սկսել է փոխվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Իսկ երեկ Էրդողանը իր խորը շնորհակալությունն էր հայտնում ԵՄ-ին ցուցաբերվող օժանդակության համար, հայտարարելով, որ երբեք չեն մոռանա իրենց օգնության ձեռք մեկնողներին։

Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ։ Թուրքիան ավելի համառ է դառնալու տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կրճատման և դա իր սեփական ազդեցությամբ լրացնելու հարցում։

Այդ գործում ունենալու է Արևմուտքի անվերապահ աջակցությունը, ինչը նշանակում է, որ նաև Հայաստանի ներսում են սկսվելու գործընթացներ, որոնք պետք է արագացնեն Ռուսաստանի արտամղումը տարածաշրջանից։ Միաժամանակ Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը միանշանակ վերջնականապես թաղելու է Արցախի ինքնորոշման հարցը, քանի որ հարցի արագ լուծումը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինչ որ իրավունքների ամրագրում, որը նշանակելու է Արցախի վերջնական հայաթափում։

Այստեղ Արևմուտքի ծրագրերի իրականացմանը օժանդակում է նաև Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը...»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ